Գտնվում է Արտաբույնք գյուղից (նախկինում` Եղեգիս) դեպի հարավ-արևելք, լեռան գագաթին։ Ամրոցի պարիսպների շարվածքը /պատի հաստությունը 2-3 մ և կրաշաղախով արված սեպաձև մշակված բազալտի մեծ քարերին նայելով ներկա կառույցը կարելի է թվագրել 10-11-րդ դարերին։ Չի բացառվում, որ այն կառուցվել է Սմբատ Բ Տիեզերակալ Բագրատունու օրոք, երբ Հայաստանում մեծ վերելք ապրեց ամրաշինական-պաշտպանական համակարգերի շինարարությունը։ Ուսումնասիրողներից շատերը չեն բացառում, որ Սմբատաբերդը հին հույն աշխարհագրագետ Ստրաբոնի «Ատրոպատենե» աշխատության մեջ նշված Symbace-ն է, որն առժամանակ Ատրոպատենեի (այսպես է անվանվել Ատրպատական երկիրը հունա-հռոմեական աղբյուրներում) կազմում էր, երբ Հայաստանը հռոմեացիների տիրապետության տակ էր։
Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է։ Հավանական է, որ գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց գահերեց իշխանների շառավիղներից Վասակյանները Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը` հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։ Ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։