Տեսարժան վայրեր

ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆՈՒ ԱՄՐՈՑ
ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆՈՒ ԱՄՐՈՑ

Տափի բերդ-ամրոցը ժողովուրդը կոչում է Գևորգ Մարզպետունու անունով։ Գտնվում է Խոսրովի արգելանոցի մուտքից ձախ՝ 100 մետր այն կողմ։

Կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։ Կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է, որն ունի ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք։ Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով։ Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով։ Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով 12-13 դարերի մի տապանաքար։ Հյուսիսային պատի տակ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է։ Ամրոցի տարածքում կան նաև մի քանի խաչքարերի բեկորներ։

Տափի վանք-մատուռը հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրիչի ձեռքով գրվել է «Սաղմոսարանը»։ Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.։