Այն կանգնած է Արփա գետի վտակի կիրճի խորշին, ուղաբերձ կարմիր ժայռերի արանքում։ Հայ առաքելական վանական համալիր է, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում։ Գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։
Նորավանքի ամենահին կառուցը, որը մեզ է հասել ավերակների ձևով, Սբ․ Կարապետ եկեղեցին է։ Նրանից հյուսիս 13-րդ դարում կառուցվում է նոր Սբ. Կարապետ եկեղեցին: Քիչ հեռվում գտնվում է Սբ. Աստվածածին (Բուրտելաշեն) եկեղեցին, որի շինարարությունը ավարտվել է 1339թ.: Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր՝ սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։
Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1259–1333 թթ.)։ Մոմիկը Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (1321 թվական) ճարտարապետն ու քանդակագործն է։ Նրա նրբաճաշակ հարթաքանդակները զարդարում են Նորավանքի գավթի մուտքի ճակատակալ քարերը։ Մոմիկի կանգնեցրած խաչքարերը համալրել են թե՛ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու, և թե՛ Նորավանքի համալիրի տարածքները։ Այդ խաչքարերը մինչ օրս անկրկնելի են իրենց գեղարվեստական ու ոճական կատարմամբ։ Ընդունված է Մոմիկի վերջին աշխատանքներ համարել Նորավանքի վանական համալիրի հարավ-արևելյան մասում գտնվող Սուրբ Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը (Բուրթելաշեն), եկեղեցու արևմտյան և հարավային պատերին արտաքուստ արված երկու գեղաքանդակ հարթաքանդակները, ինչպես նաև կառույցի հարավային հատվածում գտնվող փոքրիկ, պարզ խաչքարը, որը կանգնեցված է իր իսկ հիշատակին և Մոմիկի խաչքար-մահարձանն է։
Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թվականներին վերականգնվել են Սուրբ Աստվածածին Բուրթելաշեն երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։
1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 2001 թվականին։