Տեսարժան վայրեր

ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ
ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔ

Հաղարծնի վանքը 10-րդ դարի հայկական վանքային համալիր է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է մեզ հասել Կիրակոս Գանձակեցու կողմից։Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում է։ Հայոց Բագրատունիների թագավորության թագավոր Սմբատ Ա-ը այստեղ է թաղվել։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ, որոնցից մեկը՝ ավերված, ինչպես նաև սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Տարածքում՝ հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են և գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է ) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես գեղարվեստորեն զարդարված են։

 

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար)։ Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր կառույց է։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են՝ մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից թաղածածկ մատուռ է (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։

 

Համալիրի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է։ Ըստ հարավային մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցվել է 1281-ին, սակայն ուսումնասիրությունները ենթադրել են տալիս, որ 1281-ին կառույցը որոշ փոփոխություններով վերականգնվել է՝ հիմնարկված լինելով հավանաբար X-XI դդ․։ Ճակատները (բացառությամբ արևմտյանի) ունեն հայկական խորշեր։ Բարձր, բոլորակ թմբուկը պարուրված է դեկորատիվ խորաններով։ Մուտքերը, լուսամուտներն ու որմերը չափավոր զարդարված են պարզ բեկվածքավոր քիվագոտիներով, խաչերով և այլն։

 

Հուշարձանախմբի արևմտյան մասում սեղանատունն է։ Ըստ հարավարևմտյան մուտքի շրջակալի արձանագրության՝ կառուցվել է 1248 թվականին։ Ճարտարապետի անունը Մինաս է։ Հայաստանում նմանօրինակ երկու կառույցներից մեկն է, մյուսը Հաղպատում է։ Այն ուղղանկյուն դահլիճ է՝ մեկ զույգ սյունով բաժանված երկու հավասար երդիկավոր մասերի, որոնցից յուրաքանչյուրը ծածկված է երկու զույգ փոխհատվող կամարների համակարգով։ Ներսում միակ հարդարանքը շթաքարեզարդ երդիկներն են, արտաքուստ՝ հարավարևմտյան մուտքի շրջակալը (հարավային ճակատի երկու լուսամուտը հետագայում են բացվել)։ Հաղարծինի սեղանատունն իր կառուցվածքային հնարքով և գեղարվեստով հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից է։